Politico – Թրամփի վարչակազմի պաշտոնյաները գաղտնի բանակցություններ են վարել ուկրաինացի ընդդիմադիրների հետ նախագահական ընտրություններին հնարավոր միջամտության վերաբերյալ
Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչների հետ, հայտնում է Politico-ն։ Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի թիմի չորս անդամներ հանդիպել են ուկրաինական ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի եւ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմի անդամների հետ։
Վկայակոչելով ուկրաինացի օրենսդիրներին և ԱՄՆ արտաքին քաղաքականության հանրապետական փորձագետին՝ Politico-ն գրում է, որ կողմերը քննարկել են, թե արդյոք Ուկրաինան կարող է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։
Ըստ Politico-ի՝ Տիմոշենկոն և Պորոշենկոն հրապարակավ դեմ են եղել ընտրությունների անցկացմանը մինչև պատերազմի ավարտը, ինչպես և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «բռնապետ է առանց ընտրությունների»։