Փոխարինող բուժման ծրագիրը ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ին և ամբողջությամբ կկառավարվի պետության կողմից

17:35, 14.08.2025

Վաղվանից՝ օգոստոսի 15-ից, այսպես կոչված փոխարինող թերապիայի իրականացման ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում պետությունը, – այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն նախարարությունում անցկացված ճեպազրույցի ժամանակ։

Սարջվելաձեի խոսքով՝ փոխարինող թերապիա իրականացնող առայժմ գործող մասնավոր կենտրոնները կդադարեցնեն իրենց գործունեությունը։

«Նախ և առաջ հանրությանը տեղեկացնում ենք, որ փոխարինող թերապիայի մասնավոր մատակարարների շահառուներից մեծ թվով մարդիկ դիմել են պետական ծառայությանը, և փաստացիորեն նրանցից բոլորը վաղվանից կկարողանան անվճար ստանալ ծառայություններ իրենց իսկ կողմից ընտրված պետական կենտրոններում։ Նրանց թիվը կազմում է 1 512։ Մոտ 100 մարդու չհաջողվեց թույլտվություն ստանալ ծառայության շարունակման համար՝ տարբեր պատճառներով։ Օրինակ, կան մարդիկ, ովքեր կանոնավոր չարաշահողներ չեն, այլ դեղերի պատահական օգտագործողներ են։ Այս դեպքում փոխարինող թերապիա ստանալու հիմք չկա։ Նրանք կարող են առանձին դիմել պետական կենտրոններին, անցնել համապատասխան ստուգում, և դրա հիման վրա կընդունվի անհատական որոշում։

Մեզ դիմեցին որոշ անհատներ, որոնց մասին համապատասխան մասնավոր հաստատությունը չհաստատեց տեղեկություն։ Ցավոք, կան դեպքեր, երբ նույն անձը գրանցված է առնվազն երկու մասնավոր մատակարարի շահառու։ Այսինքն՝ նա ստանում էր նարկոտիկ միջոց երկու վայրից։ Որքա՞ն տարածված են նման դեպքերը՝ դեռ չենք կարող հստակ ասել։ Կան նաև այլ կարևոր թերություններ։ Օրինակ՝ հիվանդի և կենտրոնի կողմից ներկայացված տեղեկություններում դոզավորման մասով տարբերություններ կան, սակայն այս պահին այդ հարցերին մանրամասն չենք անդրադառնա։ Կասենք միայն, որ նման դեպքերը չեն գերազանցում 100-ը։

Ցանկանում եմ խնդրել յուրաքանչյուր շահառուին, ով հաստատում է ստացել պետական կենտրոններից ծառայություն ստանալու վերաբերյալ, ուշադրություն դարձնի այցելության ժամանակին և հետևի համապատասխան հրահանգներին, այդ թվում՝ ունենա անձը հաստատող փաստաթուղթ։ Եթե որևէ մեկը ուներ օբյեկտիվ խոչընդոտող հանգամանքներ պետությանը դիմելու համար, մենք որոշում ենք կայացրել, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչև օգոստոսի 22-ը, դիմումների ժամանակ նրանք կկարողանան ծրագրին միանալ պարզեցված ընթացակարգերով։ Այդ նպատակով համապատասխան նորմատիվ ակտում փոփոխություններ կկատարվեն, և վաղվանից դա նրանց համար հնարավոր կլինի։

Գրանցման ավարտից հետո մենք արդեն բավարար տվյալներ ունենք՝ սկսելու քննարկել այն անձնակազմի աշխատանքային հարցը, ովքեր աշխատում էին մասնավոր կենտրոններում։ Այդպիսի բժիշկների թիվը կազմում է մոտ 60, և նրանց կավելանան նաև բուժքույրերը։ Այս փուլի ավարտից հետո մենք կշարունակենք ոլորտի հետագա բարեփոխումները, որոնք ընդգրկում են ինչպես բուժման հաջողության համար անհրաժեշտ միջոցների կատարելագործումը, այնպես էլ ենթակառուցվածքային հարցերի կարգավորումը։

Ցանկանում եմ հաջողություն մաղթել յուրաքանչյուր շահառուին, որպեսզի կարողանան հաղթահարել այն ծանր հիվանդությունը, որն անվանում ենք թմրամոլություն, և պետությունն իր ուժերը չի խնայելու դրա համար», – հայտարարել է Միխեիլ Սարջվելաձեն։

Նմանատիպ