Փոթիի և Բաքվի նավահանգիստների միջև նշանակվել է հատուկ բլոկ-գնացք
Փոթիի և Բաքվի նավահանգիստների միջև նշանակվել է հատուկ բլոկ-գնացք

Փոթիի և Բաքվի նավահանգիստների միջև նշանակվել է հատուկ բլոկ-գնացք, որը զգալիորեն կնվազեցնի երկու նավահանգիստների միջև բեռների տարանցման ժամանակը։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի երկաթուղին։

Ընկերության տվյալներով՝ Փոթիի տերմինալում առաջին բլոկ-գնացքի մուտքի կապակցությամբ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են Վրաստանի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները։

«Բլոկ-գնացքը երկու նավահանգիստների միջև կշարժվի կանոնավոր ժամանակացույցով և դրական ազդեցություն կունենա բեռների կոնտեյներով փոխադրման գործընթացի պարզեցման ու տարանցիկ ժամանակի կրճատման վրա։ Մասնավորապես, կապահովի Փոթիից Բաքու և հակառակ ուղղությամբ դատարկ կոնտեյներների երկաթուղային տեղափոխում, ինչը ոչ միայն կբեռնաթափի ցամաքային մայրուղիները, այլև կնվազեցնի շրջակա միջավայրին հասցվող վնասը։

Այս նախաձեռնությունը կնպաստի «Միջին միջանցքով» կոնտեյներային բեռների անվտանգ և արդյունավետ փոխադրմանը, ինչը երթուղին կդարձնի ավելի գրավիչ և պահանջված», – ասված է Վրաստանի երկաթուղու հաղորդագրության մեջ։

«Բլոկ-գնացքների երթուղիների և սակագների որոշման շնորհիվ բեռների սեփականատերերը նախօրոք կիմանան իրենց կոնտեյների Փոթի ժամանելու և վերադարձի ժամանակը։ Այս նորամուծությունն ֆինանսապես շահավետ կլինի Վրաստանի երկաթուղու համար և կբերի լրացուցիչ եկամուտներ», – նշել է Վրաստանի երկաթուղու գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն։

Վրաստանի երկաթուղու տվյալներով՝ բլոկ-գնացքի ճշգրիտ երթուղին հետևյալն է՝ Բաթումի-Փոթի-Թբիլիսի-Ապշերոն-Սումգայիթ-Ալիաթի։ Վրաստանը և Ադրբեջանը բեռնատերերին առաջարկում են պարզեցված ծառայություն՝ «տերմինալից դուռ» սկզբունքով։