Փարիզում ավարտվել է «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը, և նախատեսվում է եվրոպացի առաջնորդների և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց
Փարիզում ավարտվել է «ցանկացող պետությունների կոալիցիայի» հանդիպումը, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Ելիսեյան պալատը։ Մոտ ժամանակում նախատեսվում է եվրոպացի առաջնորդների հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հաղորդում է ուկրաինական «Եվրոպեիսկայա Պրավդա»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են Ելիսեյան պալատում։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ հեռախոսազրույցին մասնակցելու են այն եվրոպացի ղեկավարները, ովքեր օգոստոսի 18-ին Վաշինգտոնում հանդիպել էին Թրամփի հետ։
Բացի այդ, հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից առաջ Ուկրաինայի նախագահը հանդիպելու է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Սթիվ Ուիթքոֆը ներկա էր «ցանկացող պետությունների կոալիցիայի» հանդիպմանը, սակայն այն ժամանակից շուտ է լքել՝ այլ հանդիպման պատճառով։ Ելիսեյան պալատում նշել են, որ դա նախապես ծրագրված էր։
«Ցանկացող պետությունների կոալիցիայի» հանդիպմանը մասնակցել են ավելի քան 30 երկրի ներկայացուցիչներ։ Բանակցություններին անձամբ մասնակցել են Էմանուել Մակրոնը, ԵՄ անդամ վեց պետությունների ղեկավարներ՝ Բելգիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի և Իսպանիայի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահը, Եվրոպական խորհրդի նախագահը և Ուկրաինայի նախագահը։
Հանդիպմանը հեռավար միացել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և մոտ 20 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ճապոնիայի և Ավստրալիայի։