Պետք է առավելագույնս անել՝ հայ-վրացական հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ պահելու համար. Փաշինյան
Պետք է առավելագույնս անել՝ հայ-վրացական հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ պահելու համար. Փաշինյան

Հայաստանի օրենսդրական մարմնում ընթանում է վարչապետի ընտրության հարցով քննարկումը՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հարց պատասխան ռեժիմում:

Խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել Վրաստանի հետ կապված:

«Սաակաշվիլու կառավարման տարիներին հայ-վրացական հարաբերությունները ֆորմալ բնույթ են կրել: Սաակաշվիլին առաջնությունը տալով աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, Վրաստանը դրեց թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական և քաղաքական ազդեցության ներքո: Սակայն նոր շխանությունները փորձում են առաջնությունը տալ Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանում ընդհանրական շահերին, որը նոր հնարավորություններ է բացում ավելի անաչառ և արդյունավետ երկխոսության համար: Ձեր կարծիքը՝ այս հարցի առնչությամբ»,- դիմել է Շիրակ Թորոսյանը՝ վարչապետի թեկնածուին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկկողմ ինքնության նկատմամբ փոխադարձ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա պետք է էլ ավելի խորանա և զարգանա հայ-վրացական բարեկամությունը:

«Համարում եմ, որ պետք է առավելագույնս անել հայ վրացական հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ պահելու համար, որովհետև շատ դեպքերում լարվածություններ առաջացել  են ոչ թե որ մեր մեր հարաբերությունների պրոցեսն է բերել այդ լարվածության, այլ որովհետև հարցերը դիտարկվել են ոչ թե հայ վրացական հարաբերությունների, այլ ինչ որ ուրիշ հարաբերությունների համատեքստում:

Չի կարող հայ-վրացական հարաբերությունը հենված լինել ոչ հայ-վրացական հարթության վրա: Շատ ուրախ եմ, որ այսօր, և Վրաստանում, և Հայաստանում, կա մթնորոլորտ՝ այդ ռիսկերը կառավարելու համար: Համարում եմ, որ երկկողմ ինքնության նկատմամբ փոխադարձ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա պետք է էլ ավելի խորանա և զարգանա հայ-վրացական բարեկամությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշիյանը:

Հայաստանի վարչապետի միակ թեկնածում Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է: Խորհրդարանում քննարկման զուգահեռ, Երևանի փողոցներում ընթանում են մասշտաբային բողոքի ցույցեր: