Պավել Հերչինսկի. Երկրները, որոնք կիսում են ընդհանուր կանոնները, առաջ են շարժվում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին. ցավալի է, որ Վրաստանը նրանց թվում չէ, հուսով ենք՝ սա ժամանակավոր է
Մարտահրավերներին դիմակայելով՝ Եվրոպան միայն ավելի է ուժեղանում: Այն երկրները, որոնք կիսում են ընդհանուր կանոնները, առաջ են ընթանում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին. ցավալի է, որ Վրաստանը նրանց թվում չէ, – այս մասին հայտարարել է Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Բաթումիում՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանն իր ելույթի ժամանակ:
Ինչպես նշել է Հերչինսկին, ինքը հույսը չի կորցնում, որ սա ժամանակավոր է։
«Ուրախ եմ, որ Եվրոպայի օրը նորից նշում ենք այստեղ՝ Բաթումիում: „Batumi ech Batumi“ – շատերին հայտնի այս լեհական մեղեդին նույնպես գովերգում է Բաթումիի վեհությունը: «Սև ծովի մարգարիտ» Բաթումին բաց և բազմազան քաղաք է, որը միավորում է տարբեր մշակույթներ, ավանդույթներ և փորձառություններ: Ո՞վ, եթե ոչ դուք, ամենալավը գիտի հանդուրժողականության և համերաշխ համակեցության գինը:
Եվրոպայի ուժը նույնպես բազմազանության և ընդհանուր կանոնների շուրջ համաձայնության մեջ է: Հենց ընդհանուր կանոնների պահպանումն է Եվրամիության անդամներին բերում խաղաղություն, բարօրություն և զարգացում արդեն գրեթե 80 տարի: Համաշխարհային մարտահրավերներին դիմակայելով՝ Եվրոպան միայն ավելի է ուժեղանում: Ավելին, Եվրամիությունն ընդլայնվում է: Այն երկրները, որոնք կիսում են ընդհանուր կանոնները, առաջ են ընթանում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին: Ցավալի է, որ Վրաստանը նրանց թվում չէ: Մենք հույսը չենք կորցնում, որ սա ժամանակավոր է։
Ավելի քան 30 տարի է, ինչ մենք կանգնած ենք Վրաստանի կողքին, ձեր կողքին՝ որպես հաստատուն և հուսալի գործընկեր: Եվրամիության աջակցությունը Վրաստանին անփոփոխ է։ Միևնույն ժամանակ, անփոփոխ են նաև մեր կանոնները։ Եվրամիության ճանապարհին առաջընթացը հիմնված է ժողովրդավարական զարգացման վրա։
Իսկ հիմա, ընտանիքի անդամների և ընկերների հետ միասին, վայելեք այսօրվա օրը: Այս օրը մեզ հիշեցնում է, թե ինչպիսի ճանապարհ ենք անցել մինչ այժմ և որքան բանի ենք հասել միասին: Առա՛ջ, Վրաստա՛ն, առա՛ջ», – հայտարարել է Հերչինսկին, ում ելույթի տեքստը տարածում է Եվրամիության ներկայացուցչությունը: