ՊԱԾ-ը ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու, ով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ փորձում էր տիրանալ մեծ քանակությամբ անշարժ գույքի
Ձերբակալվել է օտարերկրյա պետության քաղաքացի, ով կեղծ փաստաթղթերի կիրառմամբ փորձում էր տիրանալ խոշոր չափի անշարժ գույքի։ Այս մասին գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Լաշա Մաղրաձեն։
Ինչպես նշվել է ճեպազրույցում, հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետով և 19-180-րդ հոդվածի երրորդ մասի «բ» կետով, ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 6-ից 9 տարի ժամկետով։
«Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցներն ինտենսիվ ռեժիմով իրականացնում են հակահետախուզական և համապատասխան օպերատիվ միջոցառումներ՝ Վրաստանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապված անձանց բացահայտման և նրանց տարբեր հանցագործությունների մեջ մերկացնելու նպատակով։
Այս ուղղությամբ իրականացված օպերատիվ և քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալել ենք օտարերկրյա պետության քաղաքացու, ում մեղադրանք է առաջադրվել կեղծ պաշտոնական փաստաթուղթ օգտագործելու համար։
Մեղադրյալը միաժամանակ, օգտագործելով այլ երկրի քաղաքացու կեղծ անձնագիր, փորձում էր տիրանալ խոշոր չափի անշարժ գույքի։ Մասնավորապես, մեղադրյալը այլ երկրի քաղաքացու անունից, նոտարական գործողություն կատարելու միջոցով, փորձել է երրորդ անձի տալ Վրաստանում գրանցված անշարժ գույքը տնօրինելու իրավունք։
Տվյալ փուլում հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետով և 19-180-րդ հոդվածի երրորդ մասի «բ» կետով, ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 6-ից 9 տարի ժամկետով», – հայտարարել են ՊԱԾ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ։