Պաշտպանության նախարարություն. Վրաստանն անվճար չի ստացել «Բուկ» և «Ջավելին» համակարգերը
Պաշտպանության նախարարություն. Վրաստանն անվճար չի ստացել «Բուկ» և «Ջավելին» համակարգերը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել «Բուկի» ՀՕՊ համակարգերի և «Ջավելիների» վերաբերյալ։

Ինչպես պարզաբանում են նախարարությունից, տեղեկությունն այն մասին, որ Ուկրաինան Վրաստանին անվճար «Բուկի» հակաօդային պաշտպանության համակարգեր է հանձնել, չի համապատասխանում իրականությանը։

Նրանց փոխանցմամբ, 2017 թվականին տասնյակ միլիոնավոր դոլարներ են վճարվել ԱՄՆ-ից «Ջավելին» հակատանկային համակարգի գնման համար։

«Մենք կցանկանայինք արձագանքել «փորձագետների» կամ առանձին լրատվամիջոցների տարածած ոչ ճիշտ տեղեկություններին, իբր Ուկրաինան Վրաստանին անվճար է փոխանցել «Բուկի» հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչը չի համապատասխանում իրականությանը։

«Բուկի» համակարգը ՊՆ-ն ստացել է 2007 թվականին՝ վերոնշյալ բազմամիլիոնանոց գնումով։ Դա արվել է գաղտնի համաձայնագրով, ինչի պատճառով էլ մենք զրկված ենք ավելի շատ մանրամասներ նշելու հնարավորությունից։ Հանրությանը պարզաբանում ենք, որ ԱՄՆ-ից «Ջավելին» հակատանկային համակարգերի գնման համար ՊՆ-ն 2017 թվականին նույնպես վճարել է տասնյակ միլիոնավոր դոլար։

Վրաստանը հաստատակամորեն շարունակում է իր հումանիտար և քաղաքական աջակցությունն Ուկրաինային՝ ելնելով իրեն հասանելի հնարավորություններից։ Դրա վառ ապացույցն են ուղարկված տոննաներով մարդասիրական բեռները, որոնց թվում, վերջերս, վարչապետի նախաձեռնությամբ գնված ու Ուկրաինային հանձնված գեներատորներն են։

Ինչ վերաբերում է Ուկրաինային սպառազինության կամ կրկնակի նշանակության տեխնիկայի փոխանցմանը, ապա Վրաստանի կառավարությունը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ»,- ասվում է ՊՆ-ի հաղորդագրությունում։

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի հոդվածում ասվում է. «Ուկրաինան խնդրել է Վրաստանին վերադարձնել 2008 թվականի պատերազմի ժամանակ հանձնված «Բուկ» համակարգերը։ Ինչպես հոդվածում նշում է Կասյանովը, Ուկրաինայի պահանջը ներառել է նաև «Ջավելին» հակատանկային համակարգերը, որոնք Վրաստանին են փոխանցվել ԱՄՆ-ի կողմից։