Պաշտպանության եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում Իրակլի Չիքովանին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ
Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության նախարարական հանդիպման շրջանակներում։
Իրակլին Չիքովանին նշել է, որ երկրների միջև ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության և զարգացման հիմքն է։ Նա շնորհակալություն է հայտնել գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը աջակցության համար։
Վրաստանի պաշտպանության նախարարը ընդգծել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագրի պատմական նշանակությունը, որը, նրա խոսքով, զգալիորեն կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Իրակլի Չիքովանին ևս մեկ անգամ հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Պաշտպանության նախարարը ընդգծել է պաշտպանության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության հետ համագործակցությունը երկկողմ և եռակողմ ձևաչափերով։
Նրա խոսքով՝ 2025 թվականի երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները հաջողությամբ պլանավորվել և իրականացվում են։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ադրբեջանական զինծառայողների մասնակցությանը բազմազգ համատեղ զորավարժություններին, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտում նախատեսված դասընթացներին։
Իրակլի Չիքովանին նշել է Ադրբեջանի և Վրաստանի միջև աննախադեպ ամուր ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական համագործակցության բարձր մակարդակը, որն էլ ավելի է ամրապնդվում առաջնորդների միջև սերտ և բարեկամական հարաբերություններով։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։