Պակիստանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Շվեյցարիայում Իրան-ԱՄՆ հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը չեղարկվել է, քանի որ կողմերն արդեն հեռակա կարգով ստորագրել են փաստաթուղթը

20:43, 18.06.2026

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի հայտարարության համաձայն՝ Շվեյցարիայում հունիսի 19-ին նախատեսված Իրան-ԱՄՆ հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը չեղարկվել է, քանի որ կողմերն արդեն հեռավար կարգով ստորագրել են փաստաթուղթը։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Բիբիսի»-ն (BBC):

Ավելի վաղ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «Բիբիսի»-ին հայտնել էր, որ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը հետաձգել է իր նախատեսված այցը Ժնև և նշել. «Հաջորդ փուլը կշարունակվի առանձին տեխնիկական մակարդակի բանակցությունների միջոցով տարբեր հարցերի շուրջ՝ այս համապարփակ շրջանակային համաձայնագրի շրջանակներում»։

Ինչպես գրում է «Բիբիսի»-ն, ստորագրման արարողության անցկացման հեռանկարի վերաբերյալ հարցեր առաջացան այն բանից հետո, որբ Շարիֆն այսօր առավոտյան փոխեց X սոցիալական ցանցում հրապարակված իր գրառումը և ջնջեց այն պարբերությունը, որտեղ գրված էր. «Պակիստանը, միջնորդ հանդիսացող մեկ այլ պետության՝ Կատարի աջակցությամբ, 2026 թվականի հունիսի 19-ին Շվեյցարիայում կհյուրընկալի պաշտոնական արարողությունը՝ նշելու այս պատմական իրադարձությունը և սկսելու տեխնիկական մակարդակի բանակցությունները»։

Օրվա ընթացքում Պակիստանի աղբյուրները «Բիբիսի»-ին հավաստիացնում էին, որ միջոցառումը դեռևս պլանավորված է, սակայն երեկոյան այդ ծրագիրը փոխվեց։ Տեղեկության համար նշենք, որ Շահբազ Շարիֆը փոխըմբռնման հուշագրի ստորագրողներից մեկն էր՝ որպես միջնորդ։

Նմանատիպ