Պակիստանը փակում է Աֆղանստանի հետ սահմանային անցակետերը
Պակիստանը փակում է Աֆղանստանի հետ սահմանային անցակետերը

Պակիստանը փակել է Աֆղանստանի հետ սահմանային անցակետերը մարտերի պատճառով։

Ռոյթերսի տվյալներով՝ Աֆղանստանի հետ Պակիստանի երկու հիմնական սահմանային անցակետերը՝ Թորխամը և Չամանը, փակ են, ինչպես նաև առնվազն երեք փոքր անցակետեր՝ Խարլաչին, Անգուր Ադդան և Ղուլամ Խանը։

Քաբուլը սահմանի փակման վերաբերյալ հայտարարություն չի արել։

Ցամաքով շրջապատված Աֆղանստանը Պակիստանի հետ ունի 2600 կմ երկարությամբ սահման։ Պակիստանի անվտանգության պաշտոնյան ասել է, որ Պակիստանի օդային հարվածները թիրախավորել են Քաբուլում գտնվող «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան» (TTP) շարժման առաջնորդին, սակայն պարզ չէ՝ նա ողջ է մնացել, թե ոչ։

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան»-ը պայքարում է Իսլամաբադում կառավարությունը տապալելու և այն խիստ իսլամական կառավարման համակարգով փոխարինելու համար։

Այսօր «Թալիբան»-ը հայտարարել է, որ դադարեցրել է հարձակումները Կատարի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով։

«Աֆղանստանի որևէ մասում սպառնալիք չկա։ Իսլամական էմիրությունը և Աֆղանստանի ժողովուրդը կպաշտպանեն իրենց հողը։ Նրանք կշարունակեն գործել վճռականորեն և հավատարմորեն պաշտպանության այս հարցում», – ասել է «Թալիբան» շարժման վարչակազմի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։