Պաղեստինի որոշմամբ, չեղարկվել է Մահմուդ Աբասի և Մայք Փենսի հանդիպումը
Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ ի նշան ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բողոքի: Այդ մասին հայտնում է «ՖԱԹՀ» իշխող շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Ջեբրիլ Ռաջուբան:
Փենսը դեկտեմբերին պատրաստվում է այցելել Իսրայել, այցը սովորաբար ներառում է նաև պաղեստինյան տարածքներ այցելությունը:
«Մենք չենք ընդունի ԱՄՆ փոխնախագահին պաղեստինյան տարածքներում՝ ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն»,- ասել է Ռաջուբը, որը «ՖԱԹՀ»-ի կենտրոնական կոմիտեի անդամ է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին:
Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր «միասնական և անբաժան» մայրաքաղաքը, ներառյալ դրա արևելյան թաղամասերը և պատմական կենտրոնը, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել: Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա: