Օլաֆ Շոլց. Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի ընտրված առաջնորդն է, նրա դեմոկրատական ​​լեգիտիմությունը ժխտելը սխալ և վտանգավոր է

10:33, 20.02.2025

Ուղղակի սխալ և վտանգավոր է ժխտել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դեմոկրատական ​​լեգիտիմությունը, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վոլոդիմիր Զելենսկու մասին հայտարարությունը։

«Ճշմարտությունը սա է: Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի ընտրված առաջնորդն է։ Այն փաստը, որ պատշաճ ընտրություններ չեն կարող անցկացվել պատերազմի ժամանակ, համապատասխանում է Ուկրաինայի Սահմանադրությանը և ընտրական օրենսդրությանը: Ոչ ոք չպետք է հակառակը վիճարկի»,- նշել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերը կրկնել է, որ Ուկրաինայում պատերազմը սկսել է հենց Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։

«Ուկրաինան արդեն գրեթե երեք տարի պաշտպանում է իրեն ռուսական անողոք ագրեսիվ պատերազմից։ Առաջին օրվանից մինչ օրս»,- նշել է Շոլցը։

Ի գիտություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առանց ընտրությունների բռնապետ է, և նա պետք է արագ գործի, այլապես երկիրը չի գոյատևի։

Նմանատիպ