Օկուպացված Ղրիմի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ
Պայթյուն է տեղի ունեցել օկուպացված Ղրիմի տարածքում: Նախնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Ղրիմի հյուսիսում՝ Ջանկոե քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մայսկոե գյուղում։ Ինչպես գրում է «BBC»-ն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կատարվածը բացատրել է զինամթերքի պահեստում բռնկված հրդեհով։
Հետագայում, այսպես կոչված, Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը հայտնել է, որ պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Նրա խոսքով՝ շրջակա տարածքներից տարհանվել է երկու հազար մարդ։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունները տեղի են ունեցել երկու վայրում՝ Մայսկոե գյուղում և Ջանկոե քաղաքում, թեև ոչ ուկրաինական, ոչ ռուսական կողմն այս մասին պաշտոնական հայտարարություն չեն արել։
Պայթյունին արձագանքել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ նորմալ երկրի Ղրիմը կապված է Սև ծովի, լեռների, հանգստի և զբոսաշրջության հետ, մինչդեռ Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմը կապված է պահեստների պայթյունների և բարձր ռիսկի հետ։
Նշենք, որ Ղրիմում մեկ շաբաթ առաջ պայթյուն է որոտացել Սակի շրջանի Նովոֆյոդորովկա օդանավակայանում, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, յոթը՝ վիրավորվել։