Օդեսայում ռուսական ավիահարվածի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենք, կա տուժած
Օդեսայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով բազմահարկ շենք է փլուզվել, կա զոհ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Առայժմ հաստատվել է երկու մարդու մահը, ևս յոթ մարդ անհետ կորած է համարվում։ Տեղում աշխատում են փրկարարները։
Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ գիշերը Օդեսայի ուղղությամբ արձակված ութ անօդաչու թռչող սարքերից յոթը խոցվել են, գիշերվա ընթացքում Ուկրաինայի օդային տարածքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 14 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Նիկոլաևի, Զապորոժիեի, Խարկովի, Սումիի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։
Ինչ վերաբերում է ճակատում տիրող իրավիճակին, ապա, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի, վերջին 24 ժամում տեղի է ունեցել 82 մարտական բախում։ Ռուսաստանը ընդհանուր առմամբ իրականացրել է ինը հրթիռ և 100 օդային հարված, հրթիռային կայաններից արձակել է 161 սալվո։ Ուկրաինացի զինվորները կարողացել են հետ մղել ռուսական բանակի գրոհները Լիմանի, Բախմուտի, Ավդեևկիի ուղղությամբ։
Բացի այդ, ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, վերջին օրը Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել 13 վայրերի, որտեղ հավաքված է ռուսական կենդանի ուժ և տեխնիկա։ Ոչնչացվել են ռազմական տեխնիկա և զենքի պահեստներ։