«Նյու Յորք Թայմս» - ԱՄՆ-ն պահանջում է Կուբայի նախագահի հրաժարականը
«Նյու Յորք Թայմս» - ԱՄՆ-ն պահանջում է Կուբայի նախագահի հրաժարականը

Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է պաշտոնանկ անել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին: Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով չորս աղբյուրների:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը Կուբային նշել է, որ երկրի նախագահը պետք է լքի պաշտոնը, սակայն հետագա քայլերը կուբացիների որոշելիքն են:

Թրամփի վարչակազմի պաշտոնյաների խոսքով՝ Դիաս-Կանելի պաշտոնանկությունը կնպաստի Կուբայում կառուցվածքային տնտեսական բարեփոխումների իրականացմանը, որոնք, ըստ Վաշինգտոնի, Կուբայի ներկայիս նախագահը, հավանաբար, չի աջակցի:

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Վաշինգտոնը նաև ցանկանում է, որ Կուբան պաշտոնանկ անի որոշ տարեց պաշտոնյաների, որոնք դեռևս հավատարիմ են Ֆիդել Կաստրոյի գաղափարներին:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները դեռևս չի պահանջել գործողություններ ձեռնարկել Կաստրո ընտանիքի անդամների դեմ, որոնք մնում են Կուբայում ազդեցիկ դեմքեր:

«Նյու Յորք Թայմս»-ի աղբյուրի համաձայն՝ Կուբայի նախագահի պաշտոնանկությունը կլինի «խորհրդանշական հաղթանակ» Դոնալդ Թրամփի համար, ինչը նրան թույլ կտա պնդել, որ տապալել է ձախակողմյան կառավարության առաջնորդին, որը վաղուց դեմ է եղել Միացյալ Նահանգներին:

«Ամերիկացի պաշտոնյաների տեսանկյունից, Կուբայի հետ բանակցությունների նպատակն է աստիճանաբար բացել երկրի տնտեսությունը ամերիկացի գործարարների և ընկերությունների համար, ինչը կստեղծի կախյալ պետության ձևավորման հիմք, ինչպես նաև հասնել մի քանի խորհրդանշական քաղաքական հաղթանակների, որոնց մասին կհայտարարի Թրամփը», – ասվում է հոդվածում։

65-ամյա Միգել Դիաս-Կանելը Կուբայի նախագահն է 2018 թվականից։

Ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, Դիաս-Կանելը իր իրավահաջորդն է ընտրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոն, որն այժմ 94 տարեկան է և դեռևս պահպանում է զգալի ազդեցություն երկրում։