Նիկոլոզ Սամխարաձեն Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է Վրաստան-Ուրուգվայ բարեկամության խմբի ղեկավարի հետ
Նիկոլոզ Սամխարաձեն Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է Վրաստան-Ուրուգվայ բարեկամության խմբի ղեկավարի հետ

Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, Ուրուգվայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է Վրաստան-Ուրուգվայ բարեկամության խմբի ղեկավար սենատոր Սիլվիա Նանեի հետ։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Ուրուգվայի հարաբերությունները։ Նիկոլոզ Սամխարաձեն շնորհակալություն է հայտնել ուրուգվացի գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը Ուրուգվայի աջակցության, ինչպես նաև ՄԱԿ-ին ներկայացված Վրաստանի բանաձևերի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատ առևտրի համաձայնագրի կնքումը և տնտեսական կապերի հետագա ամրապնդումը։

«Հաշվի առնելով, որ Վրաստանը և Ուրուգվայը շատ ընդհանրություններ ունեն, այս երկու երկրները կարող են լինել հիմնական ճանապարհային քարտեզները միմյանց համար, ինչպես Վրաստանը Ուրուգվայի համար Սև ծովի տարածաշրջանում, այնպես էլ՝ Ուրուգվայը Վրաստանի համար հարավամերիկյան տարածաշրջանում»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։

Կողմերը քննարկել են Ուրուգվայի արտգործնախարարի՝ այս տարի Վրաստան կատարած այցի արդյունքները։

Կողմերը պայմանավորվել են էլ ավելի ակտիվացնել խորհրդարանական հարաբերությունները։ Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը ուրուգվայական կողմին հրավիրել է պաշտոնական այցով Վրաստան։ Սիլվիա Նանեն նշել է, որ Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությունը հաջորդ տարի կայցելի Վրաստան։ Ուրուգվայի խորհրդարանում կայացած հանդիպմանը մասնակցել է խորհրդարանական պատվիրակության անդամ Ալեքսանդր Ռաքվիաշվիլին։

Խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի գլխավորությամբ Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը այցով գտնվում է Մադրիդում, որտեղ մասնակցում է միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքներին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։