Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հանդիպմանը խոսվել է Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների, ռազմավարական գործընկերության կարևորության և տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները և ապագա քայլերը, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն և խաղաղ միջավայրի ստեղծմանը։

Խորհրդարանական պատվիրակության անդամները խոսել են երկրի Եվրամիությանը ինտեգրման գործընթացի, Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված ծանր իրավիճակի մասին և շնորհակալություն են հայտնել ԱԳ նախարարին ՄԱԿ-ի «Վրաստանի Աբխազիայից և Ցխինվալի շրջան/Հարավային Օսիա, Վրաստան» տեղահանվածների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձեւին Հայաստանի աջակցության համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հաստատել է իր անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

Զրույցում շոշափվել է նաև Հարավային Կովկասում սահմանների սահմանազատման-սահմանագծման գործընթացի արագ ավարտի կարևորությունը։

Նիկոլոզ Սամխարաձեն ևս մեկ անգամ նշել է, որ վրացական կողմը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում և փորձի փոխանակմամբ օգնել Հայաստանին Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամները պաշտոնական այցով գտնվում են Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Պատվիրակությունը գլխավորում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։ Պատվիրակության կազմում են՝ Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարիամ Լաշխին, Մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իրակլի Մեզուրնիշվիլին և Շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խատիա Ծիլոսանին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։