Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում հանդիպել է հայ համայնքի հետ - Հպարտ եմ, երբ նայում եմ հայ-վրացական հարաբերություններին (ֆոտո)
Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի վարչապետը Թբիլիսիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել հայ աշուղ Սայաթ-Նովայի գերեզմանին, եկեղեցում անցկացվել է աղոթք, որից հետո Փաշինյանը խոսքով դիմել է ներկաներին:
«Հպարտանում եմ, երբ նայում եմ հայ-վրացական հարաբերություններին: Վստահ եմ, մեր երկու երկրների հարաբերություններն առավել կզարգանան, կխորանան և հայն իրեն լավ կզգա Վրաստանում, իսկ վրացին՝ Հայաստանում: Եվ այն սահմանը, որն այժմ գոյություն ունի պետական սահմանի տեսքով, ոչ թե կբաժանի, այլ կմիավորի մեզ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպմանը:
Նախքան Սուրբ Գևորգ եկեղեցի այցելելը Նիկոլ Փաշինյանը եղել է Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում:
Հայաստանի վարչապետը Վրաստանում է երկօրյա պաշտոնական այցով: Նա արդեն հանդիպել է իր վրացի գործընկերոջը, Գիորգի Կվիրիկաշվիլուն, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին: