Նիկոլ Փաշինյանը Մամուկա Բախտաձեին շնորհավորում է վարչապետ ընտրվելու առթիվ և հրավիրում Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Մամուկա Բախտաձեին շնորհավորում է վարչապետ ընտրվելու առթիվ և հրավիրում Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մամուկա Բախտաձեին շնորհավորել է վարչապետ ընտրվելու առիթով: Այս մասին ասվում է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:
 
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր ժողովուրդները դարերի ընթացքում մշտապես միահյուսված են եղել բարեկամական և եղբայրական ամուր ու բազմաբնույթ թելերով, որոնք այսօր էլ շարունակում են բազմապատկվել ու զարգանալ՝ շնորհիվ այն ջերմության և փոխվստահության մթնոլորտի, որը տիրում է մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև։
 
 Բոլորովին վերջերս Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի և արդյունավետ հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է մեծ ներուժ։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։
 
Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան: Համոզված եմ, որ այդ այցելությունը նոր լիցք կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում մեր երկրների փոխգործակցությանը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն` բարեփոխումների իրագործման նոր փուլում, և հավաստիացնում, որ Վրաստանի ցանկացած հաջողություն մենք ընդունում ենք որպես մերը»,- ասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում: