Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ ուղևորվելու է Սամցխե-Ջավախք և հանդիպելու է հայազգի բնակչության հետ:
Նիկոլ Փաշինյանը Վրաստան է ժամանել մայիսի 30-ին՝ երկօրյա այցով:
Թբիլիսիի օդանավայանից Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է կառավարության վարչություն, որտեղ դեմ առ դեմ հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ: Քիչ անց կայացել է երկու երկրների կառավարության անդամների միջև ընդլայնված հանդիպում:
Նիկոլ Փաշինյանը այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:
Հայաստանի վարչապետը Թբիլիսիի սակրեբուլոյում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100 ամյակին նվիրված ընդունելությանը:
Միջոցառման ավարտին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին իր պատվիրակության հետ հյուրընկալել է ընթրիքի:
Հայաստանի վարչապետը Վրաստանի Հայաստան կվերադառնա ավտոմեքենայով:
Նշենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում գտնվում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոնում, որտեղ դիտելու է Թումանյանի ստեղծագործություններից մեկի բեմադրված ներկայացումը: