Նիկոլ Փաշինյան . Թրամփի այսպես կոչված երթուղին կարող է ներառել բնական գազի խողովակաշար, նավթատար, մալուխներ և այլ տրանսպորտային կապեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի այսպես կոչված երթուղին կունենա մի քանի երկաթուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և խողովակաշարեր, որոնք կարող են ներառել բնական գազի խողովակաշար, նավթատար, մալուխներ և այլ տրանսպորտային կապեր։
Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ կստեղծվի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որի տնօրենների խորհրդում Հայաստանը կունենա վճռորոշ ձայն։
«Նախագծի առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որը ուրվագծում է ընդհանուր շրջանակը։ Այնուհետև Հայաստանը և Միացյալ Նահանգները կստեղծեն համատեղ իրավաբանական անձ, որը կլինի TRIPP ընկերությունը։ Վերջնական անվանումը մշակվում է։ Սա կլինի Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից համատեղ ստեղծված ընկերություն, կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը։ Տնօրենների խորհրդում կներառվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ։ Կարևոր է նշել, որ Հայաստանը կունենա վճռորոշ ձայն ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում։ Սա շատ կարևոր նշում է», – ասաց ՀՀ վարչապետը։