Նիկոլ Փաշինյան. Քննարկվում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախնական ստորագրման գաղափարը
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախնական ստորագրման գաղափարը գտնվում է քննարկման փուլում, – այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե քննարկվում է արդյոք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախնական ստորագրման հնարավորությունը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման գաղափար իսկապես առկա է։
«Այո՛, նման գաղափար նույնպես գոյություն ունի։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը համաձայնեցված է, և բանակցություններն ավարտված են։ Նախնական ստորագրման գաղափարը նույնպես գտնվում է բանակցային սեղանին և օրակարգում․ սա այն տարբերակներից մեկն է, որը կարող է լինել իրատեսական որոշակի հանգամանքներում կամ՝ ոչ», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը ոչ մի հնարավորություն բաց չի թողել և չի թողնում՝ առաջ շարժվելու խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի պետական շահերը։
«Մյուս կողմից, պետք է գիտակցենք, որ աշխարհը դինամիկ է, պետք է ուշադիր լինենք, որպեսզի հանկարծ չպարզվի, որ նայում ենք, բայց չենք տեսնում այն հնարավորությունները, որոնք կան», – նշել է Նիկոլ Փաշինյանը։