Նիկոլ Փաշինյան. ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի և Իրանի միջև ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացմանը և խորացմանը
ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Իրանի միջև հաստատված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացմանը և խորացմանը,- ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին՝ Իրանի Իսլամական հեղափոխության 47-ամյակի կապակցությամբ։
Փաշինյանը վստահ է, որ երկրները կխորացնեն բազմաոլորտ համագործակցությունը, կիրականացնեն ռազմավարական նշանակության նոր նախաձեռնություններ, որոնք նաև կնպաստեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կայունության ամրապնդմանը։
«Հուսով եմ, որ մեր երկու երկրների միջև հաստատված բարեկամական կապերը ավելի կամրապնդվեն՝ ի շահ Հայաստանի և Իրանի ժողովուրդների», – նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանին՝ նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, անկեղծության և փոխադարձ վստահության վրա։
«Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի Երևան կատարած Ձեր այցը, որի ընթացքում մենք քննարկեցինք հայ-իրանական հարաբերությունների բազմակողմանի օրակարգը և տարածաշրջանային զարգացումները՝ վերահաստատելով մեր հանձնառությունը մեր երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հարցում», – ասվում է ուղերձում։