Նիկոլ Փաշինյան. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ ռազմավարական հարաբերություններին, մենք Մասուդ Պեզեշքյանի հետ համաձայնեցինք, որ ժամանակն է աշխատել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ
Նիկոլ Փաշինյան. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ ռազմավարական հարաբերություններին, մենք Մասուդ Պեզեշքյանի հետ համաձայնեցինք, որ ժամանակն է աշխատել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ

Մենք համաձայնեցինք Իրանի նախագահի հետ, որ ժամանակն է աշխատել մեր երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ, – Մասուդ Պեզեշքյանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի միջև բանակցությունները տևեցին մոտ մեկուկես ժամ։ Դրանից հետո առաջնորդները ստորագրեցին մի քանի հուշագրեր։

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել սահմանին երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ։

«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ ռազմավարական հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր կառավարությունների ակտիվ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք իրականացնել նոր համատեղ ծրագրեր՝ մեր պետությունների օգտին», – ասաց Փաշինյանը։

Իր հերթին Մասուդ Պեզեշքյանը նշեց, որ Իրանը փորձում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում։

«Իրանը փորձում է զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում և բարձրացնել դրանք ռազմավարական մակարդակի։ Մենք կարող ենք բարձրացնել համագործակցության մակարդակը, հատկապես տնտեսական ոլորտում», – ասաց Պեզեշքյանը։

Բացի այդ, ինչպես Պեզեշքյանը նշեց, Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Ինչպես նշեց Իրանի նախագահը, Հարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։

«Հարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Իրանի դիրքորոշումն այն է, որ Կովկասում սահմանները չպետք է փոխվեն, քանի որ մենք կարծում ենք, որ այդ փոփոխությունները կարող են աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ», – ասաց Պեզեշքյանը։

Նրա խոսքով՝ Իրանը խաղաղություն և հանգստություն է մաղթում իր հարևաններին, մասնավորապես՝ Հայաստանին։

«Մենք միշտ պաշտպանել ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սա մեր քաղաքականությունն է, և մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը», – նշեց Պեզեշքյանը։

Իրանի նախագահի խոսքով՝ Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և ոչ տարածաշրջանային տերությունների միջամտությունը կարող է ավելի բարդացնել իրավիճակը։