Նիկոլ Փաշինյան. Հայաստանը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է բանակցային կողմ լինեն
Նիկոլ Փաշինյան. Հայաստանը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է բանակցային կողմ լինեն

Հայաստանը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է բանակցային կողմ լինեն,- ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափում՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Կարծում եմ՝ ԼՂ ներկայացուցիչները այս բանաձեւի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրել եւ ոչ միայն հարցեր առաջադրել, ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլեւ, որ շատ կարեւոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, եւ ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը: Դա է ճիշտ ճանապարհը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ աշխարհակարգը, որը, ի թիվս այլ բաների, համարվում էր տարածաշրջանում կայունության հիմնական գործոններից մեկը, իրականում գոյություն չունի, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսին է լինելու նոր աշխարհակարգը։

«Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են եւ Արեւելք-Արեւմուտք մեզ համար ավանդական բանաձեւերը բավարար չափով չեն գործում։ Հայաստանին սահմանակից երկրներից որեւէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի եւ նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձեւը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում: Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի եւ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով եւ պետք է շարունակեն զարգանալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։