Նիկոլ Փաշինյան. Հայ-վրացական հարաբերությունները պետք է զարգանան առանց արտաքին ազդեցության
Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո անցկացված մամլո ասուլիսին:
Հայաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնում, Վրաստանում նկատել են, որ իր վարչապետ դառնալուց հետո Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են առանձնահատուկ ջերմությամբ, կողմերին հուզող հարցերի շուրջ վստահելի ու անկեղծ երկխոսությամբ:
«Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար հատուկ նշանակություն ունեն: Պատահական չէ, որ իմ առաջին արտասահմանյան այցը կայացավ Վրաստանում: Մեր շփումների դինամիկան եւ ներկայիս այցը խոսում է այն մասին, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այսօր Երևանում կայացել են կարևոր բանակցություններ: Կողմերը կրկին հաստատել են հարաբերությունների բարձր մակարդակը և դրանք զարգացնելու պատրաստակամությունը, քննարկել՝ երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր:
«Մեր օրակարգն այնքան հագեցած է, որ մեկ հանդիպման շրջանակներում անհնար է քննարկել բոլոր հարցերը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Փաշինյանի խոսքով, կողմերը զրուցել են միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման նշանակության մասին և համաձայնությունների շուտափույթ իրականացման հույս հայտնել:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև երկու երկրների բիզնես-ֆորումի անցկացման նշանակությունը, որը նրա խոսքով, առևտրատնտեսական հարաբերությունների համար կստեղծի նոր հեռանկարներ:
«Հայ-վրացական հարաբերությունները պետք է զարգանան առանց արտաքին ազդեցության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: