Նիկոլ Փաշինյան. Հասարակությունը մեզ հարցնում է, թե ինչու՞ ենք մենք մնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Անկեղծ ասած, ես այս հարցին պատասխան չունեմ

13:02, 23.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այն մեխանիզմը չէ, որի վրա Հայաստանը կարող է հույս դնել:

Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատասխան չունի այն հարցին, թե ինչու՞ է Հայաստանի Հանրապետությունը մնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։

Նրա պարզաբանմամբ՝ այս կազմակերպությունը չի ակտիվացրել արձագանքման մեխանիզմներ, երբ ադրբեջանական զինուժը խախտել է Հայաստանի սահմանները 2021 և 2022 թվականներին, և դրա պատճառն այն է եղել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները չեն սահմանազատվել։

Ըստ Փաշինյանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը գոյություն չունի որպես մեխանիզմ, որի վրա կարող են հույս դնել նրա անդամները՝ Ռուսաստանը, Հայաստանը և մյուսները։

«Սա բխում է այս կազմակերպության արձագանքից և անդամ որոշ երկրների հայտարարություններից։ Մեր հասարակությունը մեզ ասում է՝ ինչո՞ւ ենք մենք մնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Անկեղծ ասած, ես այս հարցին պատասխան չունեմ»,- ասաց Փաշինյանը։

Միաժամանակ, Հայաստանի վարչապետն ասել է, որ Ռուսաստանը կարևոր և էական դեր է խաղում հարավկովկասյան տարածաշրջանում։

 

Նմանատիպ