Նիկոլ Փաշինյան. Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու
«Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, և ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով COP-29-ի միջոցառումների շրջանակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությանը։
Ըստ նրա, հիմնական սկզբունքները արդեն համաձայնեցված են, ու մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստում. «Ունենք հնարավորություն՝ օր առաջ այդ աշխատանքն ավարտելու»։
Անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին՝ նա ասել է. «Ադրբեջանի նախագահի կողմից հնչել են հայտարարություններ, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին, հավատարիմ են Ալմա Աթայի հռչակագրին, և սիմվոլիկ էր, որ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Ալմա Աթայում»։ Ըստ նրա, որոշ նրբություններ ու հարցեր կան, որոնք ոչ թե գաղտնի են, այլ՝ աշխատանքային. «Այդ նրբություններն էլ իրենց հերթին ունեն նրբություններ»։
Նա նշել է, թե կա մթնոլորտի էական փոփոխություն. «Բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին, և մնում է ստորագրել»։