ՆԳՆ. Թեմքայի ոստիկանության բաժնի մոտ դիմակները հանելու պահանջին չենթարկվելու համար ձերբակալվել է հինգ մարդ, իսկ մեկը՝ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են վեց մարդու, ովքեր բողոքի ցույց են անցկացրել Թեմքայի ոստիկանական բաժանմունքի մոտ,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Ըստ ՆԳՆ-ի՝ նրանցից մեկը ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար, իսկ հինգը ձերբակալվել են դիմակները հանելու իրավապահների պահանջին չենթարկվելու համար։
«2024 թվականի դեկտեմբերի 30-ին ուժի մեջ է մտել Վրաստանի «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի հանրահավաքի մասնակիցներին արգելվում է դիմակներով կամ այլ միջոցներով ծածկել իրենց դեմքերը։
Ոստիկանությունը բազմիցս կոչ է արել Թեմքայի ոստիկանության բաժնի մոտ հավաքված ցուցարարներին ենթարկվել օրենքին, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին։ Նրանցից մեկը բերման է ենթարկվել ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար, իսկ 5 հոգի չեն կատարել դիմակները հանելու իրավապահների պահանջը», – հայտնում են ՆԳՆ-ից։
Թեմքայի ոստիկանական բաժանմունքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև։ Առկա տեղեկությունների համաձայն՝ բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ իրավապահների կողմից բերման են ենթարկվել դիմակներ կրելու համար, ինչն էլ բախման է հանգեցրել։