ՆԳՆ-ը բացահայտել է «կովիդ 19»-ի դեմ գործող կանոնակարգերի խախտման 644 դեպք
Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, իրավախատումների բոլոր փաստերին արձագանքում են օպերատիվ կերպով,- այս մասին տեղեկատվությունը տարածում է ՆԳ նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 644 դեպք:
«Ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, վերջին 24 ժամում տուգանել է 80 ֆիզիկական անձի: Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:
Բացի այդ, 24 ժամվա ընթացքում 564 ֆիզիկական անձ տուգանվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար:
Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, պահպանել հաստատված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին:
Շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:
Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն»,- նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ: