Ներքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ Մարնեուլիում տեղի ունեցած կրակոցների միջադեպի կապակցությամբ ձերբակալել է երկու անձի, իսկ մեկ անձի մեղադրանք կառաջադրվի քրեակատարողական հիմնարկում
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի, Կախեթիի և Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, մեծ չափերով գույք ձեռք բերելու նպատակով խմբակային շորթման և հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու մեղադրանքով երկու անձ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Նախարարության տվյալներով, նույն գործի շրջանակում ևս մեկ անձի, ով նոյեմբերի 7-ին ձերբակալվել էր պատվերով սպանության նախապատրաստման և հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման ու կրելու համար, մեղադրանք կ առաջադրվի քրեակատարողական հիմնարկում։
«Նշված հանցագործությունները նախատեսում են մինչև 7 տարի ազատազրկում։
Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերին՝ անցյալում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, կարմիր ցիրկուլարով միջազգային հետախուզման մեջ գտնվող և ներկայումս արտասահմանում գտնվող քրեական հեղինակություն Էլմուրազ Մամեդովը զանգահարել է Մառնեուլիում բնակվող գործարար Ն.Ա.-ին (ծնված 1980 թ.) և սպառնալիքներով պահանջել, որ նա 50,000 ԱՄՆ դոլար տեղափոխի Թուրքիայի Հանրապետություն։
Երբ Ն.Ա.-ն հրաժարվել է վճարել գումարը, Էլմուրազ Մամեդովը Վրաստանում բնակվող Դ.Մ.-ին, Ե.Օ.-ին և Ա.Ա.-ին վճարել է 10,000 ԱՄՆ դոլար՝ Ն.Ա.-ին պատկանող ավտոմեքենաների պահեստամասերի խանութի ճակատի վնասման համար։ Նրանք կատարել են հանձնարարությունը՝ խանութի ապակեպատ ճակատին կրակ բացելով ավտոմատ հրազենից։
Ընդգրկուն օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ձերբակալել են Ե.Օ.-ին և Դ.Մ.-ին՝ որպես մեղադրյալներ։
Ձերբակալվածները ճանաչել են իրենց մեղքը և համագործակցում են նախաքննության հետ։
Քննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 25-181-րդ և 236-րդ հոդվածներով», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։