NBC News - Դոնալդ Թրամփը գոռացել է Բենիամին Նեթանյահուի վրա Գազայի սովի մասին հեռախոսազրույցի ժամանակ
Գազայում առկա սովի թեմայով հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը բղավել է Բենիամին Նեթանյահուի վրա։ Այս մասին տեղեկացնում է «NBC News»-ը։
Մեդիայի տվյալներով՝ հուլիսի 28-ին Իսրայելի վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև կայացած հեռախոսազրույցը վերածվել է բղավոցի՝ Սպիտակ տան մտահոգության ֆոնին այն հարցով, թե ինչպես է աշխատում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող Գազայի հումանիտար հիմնադրամը։
Հրապարակման համաձայն՝ Թրամփի և Նեթանյահուի միջև վերջին լարվածության սրումը սկսվել է հուլիսի 27-ին, երբ Նեթանյահուն հայտարարել էր, թե Գազայում սովի քաղաքականություն չկա և սով առհասարակ գոյություն չունի։
Երբ հաջորդ օրը, Շոտլանդիա կատարած այցից հետո, Թրամփին հարցրեցին այս հայտարարության մասին, նա չընդունեց Նեթանյահուի դիրքորոշումը։ Թրամփը նշեց, որ տեսել է Գազայում գտնվող երեխաների լուսանկարներ, որոնք շատ սոված են թվում, և այնտեղ իրական սով է, որը հնարավոր չէ կեղծել։
Դրանից հետո Նեթանյահուն պահանջել է հեռախոսազրույց Թրամփի հետ։
«NBC News»-ի համաձայն՝ Նեթանյահուն հեռախոսով ասել է Թրամփին, որ Գազայում լայնամասշտաբ սով իրական չէ և այն «Համասի» հորինվածք է։ Ինֆորմացված աղբյուրի խոսքով՝ Թրամփը ընդհատել է Նեթանյահուին և սկսել բղավել, քանի որ չէր ցանկանում լսել, թե սովը կեղծ է, և հավելել է, որ օգնականները ցույց են տվել նրան երեխաների սովի ապացույցները։