Նաթիա Թուրնավան մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի նիստին
Նաթիա Թուրնավան մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի նիստին

Վրաստանի ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան մասնակցել է Երևանում տեղի ունեցած Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) կառավարիչների խորհրդի 27-րդ նիստին։

Միջոցառման հյուրերին ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաց նստաշրջանում ելույթ են ունեցել նաև կառավարիչների խորհրդի նախագահը, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Սերհաթ Քոսալը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) հետ կապ ունեցող մարմինների և դիտորդ հաստատությունների ներկայացուցիչները։

Նաթիա Թուրնավայի խոսքով՝ վերջին տարիներին աշխարհաքաղաքական մարտահրավերներն այս բանկի համար դժվար հաղթահարելի են եղել, հատկապես հաշվի առնելով նրա կախվածությունը տարածաշրջանային զարգացումներից։

«Ուստի կարևոր է հարգանքով նշել բանկի և նրա պատասխանատու բաժնետերերի ջանքերը։ Հավատացած եմ, որ բաժնետերերը կշարունակեն այս գործընթացի կառավարումը նույն պատասխանատվությամբ, զգուշությամբ և նվիրվածությամբ, ինչպես մինչ այժմ է եղել մեր համատեղ ջանքերում», – նշել է Նաթիա Թուրնավան։

Հայաստանում կայացած հանդիպումներին մասնակցել է նաև ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն։

BSTDB-ի կառավարիչների խորհրդի 27-րդ նիստի շրջանակում տեղի է ունեցել բիզնես ֆորում։ Ֆորումի հիմնական քննարկման թեմաներն էին Սևծովյան տարածաշրջանում փոքր տնտեսությունների կայունության խթանումը և BSTDB-ի հետ համագործակցության շրջանակում տեսլականների ու փորձի փոխանակումը։

Բիզնես ֆորումը բացվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիսավոր ելույթով։

Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների կառավարությունների և կենտրոնական բանկերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) միջազգային ֆինանսական հաստատություն է, որի հիմնադիր երկրներն են՝ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռուսաստան և Ռումինիա։ BSTDB-ն խթանում է իր անդամ երկրների տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը՝ վարկերի տրամադրման, վարկային գծերի, ծրագրերի երաշխավորման և պետական ու մասնավոր հատվածներում առևտրի ֆինանսավորման միջոցով։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային բանկը։