ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում ԱՄՆ-ում Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության հետ
ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, որտեղ մայիսի 22-26-ն անցկացվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 2025 թվականի գարնանային նստաշրջանը, Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակությունը՝ Գիվի Միկանաձեի ղեկավարությամբ, պաշտոնական հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որը գլխավորում էր Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանը։
Ըստ խորհրդարանի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սևծովյան տարածաշրջանի անվտանգության մի շարք մարտահրավերներ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությանը։
«Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ և բազմակողմ խորհրդարանական ձևաչափերում գործընկերության շարունակականության անհրաժեշտությունը՝ գլոբալ գեոպոլիտիկ փոփոխությունների ֆոնին։
Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գիվի Միկանաձեն նշել է, որ երկկողմ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար։ Նման հանդիպումները կրկին վկայում են երկու երկրների խորհրդարանների միջև խորացող խորհրդարանական դիվանագիտության մասին։
Մևլութ Չավուշօղլուն վերահաստատել է Թուրքիայի հստակ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ինտեգրմանը։
Հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի պատվիրակության անդամներ՝ Եվրոպային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Մարիամ Լաշխին», – ասված է Վրաստանի խորհրդարանի տարածած հաղորդագրությունում։