ՆԱՏՕ-ի անդամները Հաագայի գագաթնաժողովում համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը ավելացնել ՀՆԱ-ի մինչև 5%-ի չափով
ՆԱՏՕ-ի անդամները Հաագայի գագաթնաժողովում համաձայնության են եկել, որ պաշտպանության ծախսերը մինչև 2035 թվականը պետք է բարձրացվեն ՀՆԱ-ի մինչև 5%-ի չափով։ Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում, որը հրապարակվել է Հաագայում։
Հռչակագրում ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրները վերահաստատում են իրենց հավատարմությունը Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածին՝ նշելով, որ «մեկ անդամի դեմ հարձակում դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ»։ Նրանք շեշտում են իրենց վճռականությունը՝ պաշտպանելու մեկ միլիարդ քաղաքացիներին, դաշինքը և ազատությունն ու ժողովրդավարությունը։
Նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Թուրքիայում 2026 թվականին, իսկ առաջնորդների հաջորդ հանդիպումը կհյուրընկալի Ալբանիան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է հյուրընկալել հաջորդ գագաթնաժողովը։