Մտահոգված հետևում եմ Ռուսաստանում իրադարձությունների զարգացմանը. Ժոզեֆ Բորել
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար, Ժոզեֆ Բորելը հայտարարում է, որ մտահոգությամբ հետևում է Ռուսաստանում ընթացող ցույցերի կապակցությամբ ստեղծված իրավիճակին: Այս մասին իր Թվիթերի էջում հրապարակել է Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը:
«Ես վրդովված հետևում եմ Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներին: Ես մտահոգված եմ զանգվածային ձերբակալություններով, անհամաչափ ուժի կիրառմամբ, ինտերնետի և հեռախոսային ծառայությունների անջատմամբ», – ասվում է Բորելի հայտարարության մեջ:
Նրա խոսքով, Ռուսաստանում բողոքի ցույցերի հարցը Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկելու են երկուշաբթի օրը նախատեսված խորհրդի նիստում:
Այսօր Ռուսաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով: Ոստիկանությունը ձերբակալել է բազմաթիվ ցուցարարների: