Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Մինչ այդ Սերգեյ Լավրովը երկկողմանի բանակցություններ է վարել Արարատ Միրզոյանի և Ջեյխուն Բայրամովի հետ։

Ինչպես հանդիպման սկզբում ասել է հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ։

«Մենք կողմերի համաձայնությամբ կշարունակենք մեր ջանքերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը։ Այսօր մենք ցանկանում ենք շարունակել մտքերի փոխանակությունը խաղաղության համաձայնագրի բանակցությունների ներկա փուլի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրա համաձայնությանը»,- հանդիպման սկզբում ասել է Լավրովը։

Իր հերթին Ջեյխուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի դինամիկան բավականին բարձր է։

«Վերջին անգամ այս ձեւաչափով հանդիպել ենք երկու ամսից մի փոքր ավելի առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր եղել են մեծ թվով հանդիպումներ, շփումներ թե՛ ղեկավարների, թե՛ փոխվարչապետերի մակարդակով։ Թիմերի հետ միասին հանդիպել են արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը։

Ջեյխուն Բայրամովը նշել է, որ արդյունքները որոշակիորեն հետ են մնում բուն բանակցային գործընթացի դինամիկայից, սակայն, ըստ նրա, ասել, որ դրական արդյունքներ ընդհանրապես չկան, սխալ կլինի։

Իր հերթին, Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մէջ տիրող իրավիճակը, որ կապ ունի «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակման հետ», բարդացնում է բանակցային գործընթացը։

«Ցավոք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բարդացնում են գործընթացը։ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամ է, իսկ իրական հումանիտար աղետը շատ մոտ է։ Իրավիճակը ամեն ժամ վատանում է, Լեռնային Ղարաբաղ ոչ ապրանքներ են մտնում, ոչ դեղեր, գազն ու լույսը նույնպես անջատված են»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, եթե Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը, տեղում հումանիտար աղետն իր բացասական հետևանքները կունենա նաև բանակցային գործընթացի վրա։