Մոսկվայից դեպի օկուպացված Աբխազիա 30 տարվա ընթացքում առաջին չվերթն է իրականացվել
Մոսկվայից դեպի օկուպացված Աբխազիա 30 տարվա ընթացքում առաջին չվերթն է իրականացվել

Մոսկվայից օկուպացված Աբխազիա 30 տարվա ընթացքում առաջին չվերթն է իրականացվել։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, չվերթը Վնուկովո օդանավակայանից թռել է «ЮВТ аэро» ինքնաթիռով։ Սա Ռուսաստանից օկուպացված Աբխազիա առաջին կանոնավոր չվերթն է 1993 թվականից ի վեր։

Աբխազիայի օկուպացված խամաճիկային ռեժիմը հայտարարեց Սուխումի օդանավակայանի բացման մասին։ Այսպես կոչված՝ բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն՝ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ միասին։

Ռուսաստանի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայից հետո կանոնավոր չվերթները կկապեն Սուխումը Ռուսաստանի քաղաքների հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Սուխումի օդանավակայանի անօրինական շահագործման և օկուպացված Աբխազիայի շրջանում օդային երթևեկության վերականգնման վերաբերյալ։

«2025 թվականի մայիսի 1-ին ռուսական ավիաընկերության կողմից Աբխազիայի օկուպացված տարածաշրջան թռիչքի անօրինական իրականացումը, ինչպես նաև Սուխումի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու և շահագործելու վերաբերյալ օկուպացիոն ռեժիմի հետ կնքված այսպես կոչված համաձայնագիրը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, օկուպացված տարածքների մասին վրացական օրենսդրության, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) կոնվենցիայի, որի անդամ են և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, կոպիտ խախտում են», – ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։