Մոնտենեգրոն և Սերբիան միմյանց դեսպաններին հայտարարել են Պերսոնա նոն գրատա
Մոնտենեգրոն և Սերբիան միմյանց դեսպաններին հայտարարել են Պերսոնա նոն գրատա

Մոնտենեգրոն Սերբիայի դեսպանին մեղադրել է երկրի ներքին գործերին խառնվելու մեջ և նրան հայտարարել է Պերսոնա նոն գրատա: Ըստ «Ռոյթերսի», այս մասին ասվում է Մոնտենեգրոյի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Ի պատասխան դրա Սերբիայի իշխանությունները Պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոնտենեգրոյի դեսպանին և նրան երկիրը լքելու համար տրվել է 72 ժամ:

Մոնտենեգրոյի կառավարությունում պարզաբանում են, որ Սերբիայի դեսպան Վլադիմիր Բոժովիչը բազմիցս նախազգուշացվել է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր կերպով, չխառնվել երկրի ներքին գործերին: Չնայած դրան, սերբ դիվանագետը կրկնում էր, որ խորհրդարանի 1918 թվականի Մոնտենեգրոյի ինքնիշխանության վերացման և Հարավսլավիային միանալու մասին որոշումը «ազատագրում» էր:

Մոնտենեգրոյի արտաքին գործերի նախարարությունում նշում են, որ 2018 թվականին երկրի խորհրդարանը ընդունել է բանաձև խորհրդարանի նշված որոշումը վերացնելու մասին, ուստի Սերբիայի դեսպանի հայտարարությունները գործող օրենսդիր մարմնի համար նվաստացուցիչ է:

Նշենք, որ Մոնտենեգրոն անկախ թագավորություն էր մինչև 1918 թվականը, որը Առաջին համաշխարհային պատերազմից հետո դարձավ Հարավսլավիայի մաս: Հարավսլավիայի փլուզումից հետո Սերբիան և Մոնտենեգրոն հայտարարեցին համադաշնություն: Մոնտենեգրոն անկախություն հռչակեց 2006 թվականի մայիսին անցկացված հանրաքվեից հետո: Ներկայումս Սերբիան և Մոնտենեգրոն Եվրամիության անդամակցության թեկնածու երկրներ են: 2017 թվականին Մոնտենեգրոն դարձավ ՆԱՏՕ-ի 29-րդ անդամ: