Մոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարում է, որ երկրում խորհրդարանական ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբերի 28-ին
Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբերի 28-ին։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։
«Այսօր «Գործողություն և համերաշխություն» իշխող կուսակցության պատգամավորների հետ միասին գրանցեցինք որոշման նախագիծ, որը առաջարկում է սեպտեմբերի 28-ին անցկացնել խորհրդարանական ընտրությունները», – հայտարարել է խորհրդարանի նախագահը։
Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները վճռորոշ կլինեն Մոլդովայի համար։
«Մեր նպատակն է՝ այս ընտրությունների միջոցով երաշխավորել, որ չենք շեղվի խաղաղության և զարգացման ուղուց, որ երկիրը չի վերադառնա Կրեմլի թելադրանքների վերահսկողության տակ, և որ կպահպանենք մեր ինքնիշխանությունն ու ազատությունը», – հայտարարել է Գրոսուն։
Հիշեցնենք, որ ներկայումս սոցիոլոգիական հարցումներում երկրի նախագահի՝ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը առաջատար դիրքերում է։