Մոլդովան պահանջում է Մերձդնեստրից դուրս բերել Ռուսական զորքերը: Այս մասին Մոլդովայի արտգործնախարարը հայտարարել է Մոսկվայում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
Նիկոլայ Պոպեսկուի խոսքով, Մերձդնեստրում ռուսական զորքերի առկայությունը հակասում է Մոլդովայի չեզոքությանը:
Մոլդովայի արտաքին գործերի նախարար Պոպեսկուի հայտարարությամբ, Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Կոբասնա բնակավայրի մերձակայքում գտնվող ռազմաբազայում տեղակայված ռուսական սպառազինության հարցը: Նրա խոսքով, այս զենքն ու զինամթերքը վտանգ են սպառնում Մոլդովայի քաղաքացիներին:
Ըստ Մոլդովայի արտգործնախարարի, Մոսկվան պատրաստ է երկխոսել Քիշնևի հետ այդ զենքերը դուրս բերելու և ոչնչացնելու հարցով:
Պոպեսկուն առաջարկում է, որ հարցը քննարկվի երկկողմ ձևաչափով և ԵԱՀԿ-ի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Մոլդովայի տարածքում ռուսական սպառազինությունը պահվում է ռուսական 14-րդ ռազմաբազայի տարածքում: Մոսկվան և Քիշնևը համաձայնագիր են ստորագրել այդ զենքերը ոչնչացնելու մասին դեռևս 1997 թվականին: