Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Բժշկական տուրիզմի միջազգային ասոցիացիայի ղեկավարության հետ
Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է բժշկական տուրիզմի միջազգային ասոցիացիայի ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Նրանց փոխանցմամբ՝ Միխեիլ Սարջվելաձեն Medical Trust International ընկերության հիմնադրին և գործադիր տնօրենին ներկայացրել է Վրաստանում առողջապահության ոլորտում ընթացող տարբեր ծրագրերն ու բարեփոխումները։
«Նախարարը ուշադրություն է հրավիրել միջազգային համագործակցության կարևորության վրա և նշել, որ Վրաստանի համար հետաքրքիր է գործընկերություն հաստատել ասոցիացիայի հովանու ներքո միավորված առաջատար գերմանական և շվեյցարական կլինիկաների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության կոնկրետ ուղղություններ, այդ թվում՝ եվրոպական կլինիկաների հետ համատեղ ծրագրերի մշակում, բուժանձնակազմի որակավորման բարձրացում և փորձի փոխանակում, պրակտիկայի և փոխանակման ծրագրերի իրականացում։ Քննարկվել է նաև նոր կրթական նախաձեռնությունների ստեղծման և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայությունների զարգացման հնարավորությունը։
Հանդիպմանը մասնակցել են ասոցիացիայի հիմնադիր Մարիամ Ասեֆին, գործադիր տնօրեն Սաիդ Ալդուսարին, «Վրաստանի Սոլիդարության հիմնադրամի» ղեկավար Խատունա Չաչավան, հիմնադրամի ներկայացուցիչ Քեթևան Կարտոզիան, ինչպես նաև Առողջապահության և տուրիզմի միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Եկատերինե Նեփարիձեն», – նշված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։