Միխեիլ Սարջվելաձեն առողջապահության նախարարությունում հանդիպում է անցկացրել Դյուշենի համախտանիշ ունեցող երեխաների ծնողների հետ
Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն առողջապահության նախարարությունում հանդիպում է անցկացրել Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների ծնողների հետ:
Ինչպես հանդիպման ավարտից հետո հայտարարել են ծնողները, առողջապահության նախարարությունն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է ընկերությունների հետ՝ դեղամիջոցների հետ կապված հարցերով:
«Ամենօրյա ռեժիմով հաղորդակցություն ունեն համապատասխան ընկերությունների հետ՝ դեղամիջոցներն ամենաարագ՝ նվազագույն ժամկետում ստանալու համար: Ըստ այդմ, այս ընթացակարգը շարունակվում է: Բնականաբար, ներգրավված է ամբողջ նախարարությունը, ինչպես նաև պետական ներկայացուցիչները, նկատի ունեմ դեսպաններին, որպեսզի նշված ընթացակարգն առավելագույնս արագացվի»,- հայտարարել է Դյուշենի համախտանիշ ունեցող երեխայի ծնող Զաքրո Գվիշիանին:
Բացի այդ, մեկ այլ ծնող՝ Կախա Ծիքարիշվիլին, նշել է, որ, առողջապահության նախարարի խոսքով, տարբեր խողովակներ կօգտագործվեն, որպեսզի ընկերություններն արագացնեն բանակցությունների գործընթացը:
«Հաղորդակցությունը կայացել է, սակայն ընկերությունները դեռևս չեն սկսում բանակցությունների գործընթացը, և դա ինչ-որ բանից է կախված: Նրանք նույնպես ունեն որոշակի ընթացակարգեր: Նախարարն ասաց, որ տարբեր խողովակներ կօգտագործվեն, որպեսզի այդ ընկերություններն արագացնեն բանակցությունների գործընթացը: Բազմամասնագիտական թիմի հետ կապված մատնանշեցինք որոշակի գործնական խնդիրներ, որոնց այսօր բախվում են պացիենտները: Ասացին, որ միասին քննարկենք այդ խնդիրները, կազմենք խնդիրների ցանկը, և նախարարությունը մեզ հետ միասին կքննարկի, թե որ խնդիրն ինչ ժամկետում կարող է լուծվել»,- հայտարարել է Կախա Ծիքարիշվիլին: