Միխեիլ Սաակաշվիլի. Ես ստանձնում եմ իմ մեծ, պատմական պատասխանատվությունը, ես կարող եմ վճռորոշ դեր ունենալ Վրաստանի վերամիավորման և Կովկասի մեծ միասնության գործում
Միխեիլ Սաակաշվիլի. Ես ստանձնում եմ իմ մեծ, պատմական պատասխանատվությունը, ես կարող եմ վճռորոշ դեր ունենալ Վրաստանի վերամիավորման և Կովկասի մեծ միասնության գործում

«Ես կարող եմ վճռորոշ դեր ունենալ Վրաստանի վերամիավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Կարող եմ իմ պատմական փորձի, իմ հեղինակության շնորհիվ», – այս մասին այսօր դատարանի նիստին հեռավար միացման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանի փրկության և մեծ վերակառուցման շրջան է սկսվում։

«Չպետք է սպասենք տարբեր քաղաքական դերակատարների որոշումներին։ Իհարկե, ես ստանձնում եմ իմ մեծ, պատմական պատասխանատվությունը։ Գիտեմ, որ կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի վերամիավորման, Կովկասի մեծ միասնության գործում։ Կարող եմ՝ իմ պատմական փորձի, իմ հեղինակության շնորհիվ, քանի որ տարածաշրջանի գրեթե բոլոր առաջնորդների հետ շատ սերտ հարաբերություններ ունեմ։ Նույնիսկ նրանց հետ, ում հետ անձամբ չեմ շփվում՝ ինչպես, օրինակ, Փաշինյանը, կրկնում են մեր ժամանակներում իրականացված բարեփոխումները, մասնավորապես հակակոռուպցիոն բնույթի։ Ես զգում եմ, որ ունեմ այդ կարողությունը, սակայն դա կարող եմ անել միայն վրաց ժողովրդի և բոլոր քաղաքական ուժերի հետ միասին։ Ես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ուժը միասնության մեջ է, և առանձին մարդ չի կարող այս ամենը իրականացնել։ Սակայն, իհարկե, կանեմ ամեն ինչ, որ այս ուղղությամբ շարժվենք։ Միավորված Կովկասը՝ միավորված Վրաստանի առանցքով, կդառնա մեծ նշանակության աշխարհաքաղաքական դերակատար։ Վրաստանը աշխարհում մեծ դերակատարում ուներ «Վարդերի հեղափոխությունից» հետո։ Հետո հակահեղափոխությունը մեզ զրկեց այդ կարգավիճակից՝ թշնամու օգնությամբ, բայց մենք կվերադարձնենք այն մեր բարեկամների օգնությամբ՝ այդ թվում ուկրաինացիների, որտեղ ես այսօր էլ հանդիսանում եմ նախագահ Զելենսկու բարեփոխումների խորհրդի ղեկավար։ Ինչպես նաև՝ եվրոպացիների ու ամերիկացիների աջակցությամբ», – նշել է Սաակաշվիլին։

Նա նաև հավելել է, որ Վրաստանում իրավիճակի փոփոխության դեպքում խստացվելու են վիզային ռեժիմն ու գույքային հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Վրաստանում սկսվում է մի նոր ժամանակաշրջան՝ որը մենք մեր պատմության մեջ երբեք չենք ունեցել։ Մենք կգերազանցենք այն, ինչ եղել է Դավիթ Շինարարի և Թամար թագուհու ժամանակ, որովհետև իրավիճակն այլ է, գլոբալիզացված աշխարհում ենք, որտեղ մեր ինքնությունը պետք է պահպանվի։ Մենք ազատվելու ենք այս գաղութային դժբախտությունից։ Օրինակ, այսօր Բաթումիում գրեթե այլևս վրացերեն չես լսում՝ ամեն ինչ ռուսերեն է։ Երբ Վրաստանում իրավիճակը փոխվի, վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ կխստանա, ինչպես նաև գույքային հարաբերությունները։ Մենք թույլ չենք տալու, որ Վրաստանը դատարկվի վրացիներից ու փոխարենը բնակեցվեն չուկչիներ, մոլդովացիներ, բաշկիրներ, թաթարներ կամ մոսկվացիներ ու պետերբուրգցիներ։ Մեր երկիրը մեզ է պատկանում», – ասել է Միխեիլ Սաակաշվիլին։