Միխեիլ Սաակաշվիլի. Ես կցանկանայի պաշտոնապես առաջադրել Մզիա Ամագլոբելիին որպես 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու
«Ցանկանում եմ պաշտոնապես առաջադրել Մզիա Ամաղլոբելիին որպես 2026 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակի թեկնածու։ Ժամանակին Հիլարի Քլինթոնն ու Ջոն Մաքքեյնը ինձ առաջադրեցին Նոբելի մրցանակի, հիմա իմ հերթն է՝ այս արժանի վրացուհուն առաջադրելու», — ասվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։
Սաակաշվիլին գրում է, որ կոչ է անում մյուսներին ևս միանալ և միասին աջակցել Մզիա Ամաղլոբելիի թեկնածությանը՝ 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանալու համար։
«Խնդիրն այն է, որ ես նկատեցի Մզիա Ամաղլոբելիի ձեռքում ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսայի գիրքը՝ «Ինչպես հաղթել բռնապետին»։ Ռեսան 2021 թվականին դարձավ Նոբելյան մրցանակակիր, սակայն պետք է ասել ճշմարտությունը՝ Մարիա Ռեսան իրական բռնապետության պայմաններում չի ապրել։
Ֆիլիպիններում վերջին իրական բռնապետը Ֆերդինանդ Մարկոսն էր, երբ Ռեսան դեռ շատ փոքր էր։ Մարկոսը ծայրահեղ կոռումպացված էր, բիրտ՝ զանգվածաբար բանտարկում էր ընդդիմադիրներին։
Նա սպանեց Ֆիլիպինների ընդդիմության առաջնորդ Բենինյո Աքինոյին, երբ վերջինս, չնայած սպառնալիքներին, վերադարձավ հայրենիք։ Ժողովուրդը ապստամբեց, և թեև Մարկոսն ԱՄՆ նախկին վարչակազմի մեծ աջակցությունն ուներ, նրան տապալեցին։
Ինչ վերաբերում է Մարիա Ռեսային՝ նա Ֆիլիպինների անկախ մեդիա պլատֆորմի հիմնադիրն էր և բացահայտում էր նախագահների կոռուպցիան ու բռնությունը, սակայն այդ բոլոր նախագահները ընտրված էին ժողովրդավարական ընտրություններով և հեռացել են նույն կերպ, իսկ Ռեսային էլ ազատ է արձակել ազատ դատական համակարգը։
Հետևաբար, եթե համեմատենք՝ Մզիան շատ ավելի արժանի է այս մրցանակին՝ որպես վրացական ազատ մամուլի պայքարի խորհրդանիշ և ռեժիմի զոհ։
Կոչ եմ անում մյուսներին ևս միանալ ինձ, և շատերս միասին աջակցենք Մզիա Ամաղլոբելիի թեկնածությանը՝ 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի համար», — գրում է Միխեիլ Սաակաշվիլին։