Միխեիլ Չխենկելին հյուրընկալել է ԱՄՆ-ի դեսպանատան և Վրաստանի համալսարանների ներկայացուցիչներին
Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հյուրընկալել է ԱՄՆ-ի դեսպանատան հանրային դիվանագիտության դեպարտամենտի ղեկավար Քեթրին Շվեյցերին, «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների» և Վրաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին։ Կրթության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Համալսարանական կարողությունների զարգացման ծրագրի» մանրամասները և ամփոփել վրացական պատվիրակության Միացյալ Նահանգներ կատարած այցի արդյունքները։
Գերատեսչության հաղորդմամբ, «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները» Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, իրականացնում են Համալսարանների կարողությունների զարգացման ծրագիրը, որի նպատակն է խթանել ձեռնարկատիրական մշակույթը Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, դյուրացնել տեխնոլոգիաների առևտրայնացումը և ուժեղացնել համալսարանների, բիզնեսի և կառավարական միավորների համագործակցությունը։
Ծրագրի ընթացքում Միացյալ Նահանգներ ճանաչողական այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ամերիկյան համալսարաններում նորարարության և տեխնոլոգիաների կառավարման, տեխնոլոգիաների փոխանցման և ձեռներեցության մոտեցումներին, ինչպես նաև ավելին իմանալ հետազոտությունների առևտրայնացման մասին:
Հանդիպման ընթացքում Միխեիլ Չխենկելին ընդգծել է Միացյալ Նահանգների՝ որպես Վրաստանի ռազմավարական գործընկերոջ աջակցությունը երկրի կրթական ոլորտի զարգացման գործում և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի դեսպանատանը աջակցության համար։ Նախարարն ասել է, որ վրաց-ամերիկյան բուհերի համագործակցությունն էլ ավելի կխորացնի առկա գործընկերությունը։ Միխեիլ Չխենկելին հաջողություն է մաղթել նախագծում ներգրավված կողմերին և հույս հայտնել, որ այս համագործակցությունը շոշափելի արդյունքների կբերի։
Իրենց հերթին նախագծում ներգրավված կողմերը նախարարին ներկայացրել են ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված արդյունքները և շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Նրանք ասացին, որ առանց ԱՄՆ-ի դեսպանատան և Միխեիլ Չխենկելիի աջակցության նման կարևոր նախագիծ հնարավոր չէր լինի իրականացնել։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը, ԱՄՆ-ի դեսպանատան դրամաշնորհային ծրագրի համակարգող Սոֆո Բզիշվիլին, մասնակից բուհերի և հաստատությունների ներկայացուցիչներ»,- հայտնել են ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից։