Միխայիլ Պոդոլյակն ասում է, որ Ուկրաինան բանակցությունների վերաբերյալ առաջարկներ է ստացել Ռուսաստանից և սկսել է ուսումնասիրել դրանք
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել է, որ իրենք Մոսկվայից բանակցությունների առաջարկներ են ստացել և սկսել են ուսումնասիրել դրանք։ Այդ մասին հաղորդում է «BBC»-ն։
«Ուկրաինան Ստամբուլի փուլի շրջանակներում ընդդիմախոսներին ներկայացրել է իր առաջարկները ձևակերպված որոշումների վերաբերյալ։ Ներառելով անվտանգության երաշխիքները՝ որպես մեր երկրի դեմ հետագա չհարձակում ապահովելու միջոց։ Ռուսական կողմն ուսումնասիրել է առաջարկները և արտահայտել իր հակադիր դիրքորոշումները։ Այժմ մեր հերթն է ուսումնասիրելու, համեմատելու, եզրակացություններ անելու, այդ թվում՝ քաղաքական և իրավական բնույթի»,- ասել է Պոդոլյակը։
Կրեմլն այսօր հայտարարեց, որ բանակցային գործընթացի շրջանակներում ուկրաինական կողմին է փոխանցվել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծը և այժմ սպասում է ուկրաինացիների պատասխանին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ուկրաինական կողմի աշխատանքի դինամիկան գոհացուցիչ չէ։ Նա ասաց, որ ուկրաինացիները բանակցային գործընթացն ակտիվացնելու մեծ հակվածություն չեն ցուցաբերում, ինչը բացասաբար կանդրադառնա բանակցությունների արդյունավետության վրա։