Միլոշ Վուչևիչը հրաժարական է տվել Սերբիայի վարչապետի պաշտոնից

15:56, 28.01.2025

Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը պաշտոնապես հաստատել է, որ հրաժարական է տալիս։ Մեկնաբանելով բողոքի ցույցերի հարցը՝ Վուչեւիչը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ երկխոսության գնալ։ Բացի այդ, ըստ Վուչեւիչի, հրաժարական է տալիս նաեւ Նովի Սադի քաղաքապետ Միլան Ջուրիչը։

Միլոշ Վուչևիչի խոսքով՝ քաղաքական գործիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ցույց տան, որ պատրաստ են օգնել նվազեցնելու հասարակության լարվածությունը։ Միաժամանակ Վուչեւիչը նշել է, որ «արտերկրից ծրագրվում է հասարակության լուրջ պառակտում»։

«Թյուրիմացություններ, անվերջ վեճեր ու հակամարտություններ ամբողջ Սերբիայում։ Որքան էլ մենք կոչ ենք անում հանդարտեցնել կրքերը, միշտ ինչ-որ չարիք է գալիս: Սցենարում ինչ-որ բան տեղի ունեցավ, կարծես ինչ-որ անտեսանելի ձեռք նոր միջադեպ ստեղծեց և լարվածություն առաջացրեց հասարակության մեջ»,- ասել է Միլոշ Վուչևիչը։

Սերբիայում արդեն երկու ամիս է՝ բողոքի ակցիաներ են ընթանում։ Բողոքի ցույցերը սկսվել են Նովի Սադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ բետոնե կառույցի փլուզման հետևանքով զոհվել է 15 մարդ։

Նմանատիպ