Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 34 օտարերկրյա քաղաքացու
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Իրանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Քենիայի, Հայաստանի և Ղրղզստանի ընդհանուր առմամբ 34 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
«Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Դրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։